Ապրելու իրավունքին առնչվող ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու ազատ կամընտրության վրա. Տ. Շահե Ծ. վարդապետը՝ Covid19-ի դեմ պատվաստման մասին
«Կողմնակից եմ առողջ ու բանական, կառուցողական եւ հարգալից բանավեճի, հատկապես այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին Covid19-ի դեմ պատվաստումն է: Բայց այս առումով, հետեւելով հանրային եւ խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատով քննարկումներին, երկու հիմնական մտահոգություն ունեմ.
Ա. Բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք տվող պարտադրանք: Այդ հարցերը շատ են, եւ այստեղ չեմ կամենում դրանք մեկ առ մեկ թվարկել: Բայց քրիստոնեական կենսաէթիկայի եւ ընդհանրապես էթիկայի տեսանկյունից մարդու կյանքի սրբազան բնույթին եւ ապրելու իրավունքին առնչվող ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու ազատ կամընտրության վրա: ՀՀ-ում ապրող քրիստոնյաների կարծիքն այս առումով հաշվի առնվո՞ւմ է:
Բ. Պատվաստումն ինքնին բազմաթիվ գիտնականների ու մասնագետների համատեղ եւ տքնաջան աշխատանքի արդյունքն է, եւ քրիստոնեությունը միշտ էլ հարգել է Աստծուց մարդուն տրված բանականության ստեղծած ազնիվ պարգևները: Որեւէ մեկը կարո՞ղ է մատնանշել առողջ, մասնագիտական ու կառուցողական քննարկում կառավարության եւ հասարակության միջեւ: Առողջապահության նախարարի տված պատասխաններն այս իմաստով, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չէին: Տպավորություն էր, թե դիսկուրսը կամ խոսույթն ավելի շատ դիվանագիտական եւ ոչ թե բժշկագիտական-առողջապահական ոլորտին էր առնչվում», - գրել է Հոգեշնորհ Տ. ՇԱՀԵ ծայրագույն վարդապետ ԱՆԱՆՅԱՆԸ: