Ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին` պատասխանատու են վարակի տարածման համար. Պրոֆեսոր Արա Բաբլոյանը պատվաստումների մասին
Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի բոլոր երկրներին պատվաստվածների թվով, որի հիմնական պատճառը պատվաստանյութերի եւ դրանց հետագա վնասակար հետեւանքների մասին տարածվող հակասական կարծիքներն: Վերոնշյալ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ, ով նախ անդրադարձավ պատվաստանյութերին առհասարակ.
-Նախ ուզում եմ նշել, որ թեեւ մասնագիտությամբ վիրաբույժ եմ, բայց վերջին երեսուն տարիներին զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ: Ըստ այդմ, ես հիմնվում եմ այն տվյալների, այն հրապարակումների, այն տեղեկությունների վրա, որոնք խիստ մասնագիտական եւ խիստ վստահելի աղբյուրներից են: Երբ նայում ենք պատմությունը, տեսնում ենք, որ տարբեր ժամանակներում մարդկությունն առողջապահական տարբեր խնդիրների առջեւ է կանգնած եղել` բնական ծաղիկ, կարմրուկ, պոլիոմիելիտ եւ մի շարք այլ ինֆեկցիաներ, որոնց առաջ բերած հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշների կանխարգելումը հնարավոր է եղել ճիշտ պատվաստանյութեր ստեղծելու եւ դրանք կիրառելու շնորհիվ:
Հիմա` ինչ վերաբերում է Քովիդ-19-ին. եթե հիշում եք, ես դեռեւս նախորդ տարվա մարտին փաստել եմ, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է: Անգամ ասել եմ, որ եթե մինչեւ տարեվերջ համապատասխան պատվաստանյութը պատրաստ լինի, դա կլինի ֆանտաստիկ մի բան: Եվ, իհարկե, պատվաստանյութի պատրաստումն իրականացվեց արագացված մեթոդներով, որովհետեւ վիրուսը դանդաղ շարժվելու, հապաղելու հնարավորություն չէր տալիս:
Պրոֆեսորը փաստում է.
-Ինքս պատվաստվել եմ եւ խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ պատվաստվեն, որովհետեւ ապացուցողական բժշկության իրական, ճշգրիտ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստումը հնարավորություն է տալիս նվազեցնելու վարակման հավանականությունը, խիստ նվազեցնում է բարդ դեպքերի ընթացքն ու առավելագույնս նվազեցնում մահվան դեպքերը:
Իսկ նրանք, ովքեր հակառակ կարծիքի են, հիմնավոր փաստարկներ չունեն, նրանք խոսում են այստեղ-այնտեղից կարդացած կցկտուր, հատուկենտ տեղեկություններով: Ես գտնում եմ, որ մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահւթյան մոտեցումներին եւ նրանք, ովքեր պոպուլիստական ձեւերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար:
Հարցին, արդյոք վիրուսը սպառնում է նաեւ մանկահասակների վաստակաշատ պրոֆեսորը նկատեց.
-Մինչ այժմ եղած տվյալներով` երեխաների շրջանում վարակը մեծահասակների համեմատ շատ ավելի քիչ է տարածվում, բայց մեր բժշկական համալիրում ունեցել ենք նույնիսկ ծանր դեպքեր, ինչով հաստատվել է, որ հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել նաեւ երեխաների մոտ:
