Տասը տարի առաջ իմ ենթակա զինվոր Արգիշտիկը մի կերպ խուսափեց դատվելուց. փոխգնդապետը փակագծեր է բացում
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի գործունեությունը: Ա. Քյարամյանը մասնավորապես տեղեկացրել է, որ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, եւ ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու եւ հասարակությանը ներկայացնելու նպատակով:
Անդրադառնալով վերոնշյալին՝ պահեստազորի փոխգնդապետ, «Հայրենիք» կուսակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գրել է. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ... Ուղիղ տասը տարի առաջ, որպես ժամկետային զինծառայող, իմ ենթակա զինվոր` կրտսեր սերժանտ Արգիշտիկը, մի կերպ խուսափեց դատվելուց՝ Երեւանի զորամասից տեղափոխվելով սահմանամերձ զորամաս, քանի որ անկարգապահ, անբարեխիղճ, կարգազանց եւ զորամասի տարածքը ինքնակամ լքելու ջիղ ունեցող զինվոր էր, իսկ այսօր` գնդապետի ուսադիրներով, հետաքննում է` պատերազմի ընթացքում, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները... Աշխարհ կանգնի` իջնող կա...»: