Եթե ուզում ենք շարունակել խաղաղ ապրել, պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե մենք՝ որպես ազգ և պետություն, ուզում ենք շարունակել խաղաղ ապրել փոթորկուն այս տարածաշրջանում գտնվող մեր նախնյաց սրբազան հողում, ապա պետք է մշտապես պատրաստվենք հաղթական պատերազմի։
Գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բժշկությունը, ամեն ինչ առանց բացառության պետք է կառուցվի և զարգանա բացառապես այս տրամաբանությամբ։
Միգուցե ականջահաճո չէ, բայց սա է այն դառը ճշմարտությունը, որը մենք վախենում ենք խոստովանել ինքներս մեզ՝ որպես ազգ, պետություն, հասարակություն, փորձելով երկարաձգել մեր գոյությունը քաղցր խաբկանքում։
Եթե հասկանանք և մեկընդմիշտ արձանագրենք այս իրողությունը, ապա դեռևս հնարավորություն կունենանք խաղաղ ու արժանապատիվ ապրելու և շարունակելու Արտաշես Մեծի բյուրեղացրած հայկական պետականության ծրագիրը, իսկ թե ոչ՝ Առաջավոր Ասիայի մշտակեզ արևի տակ մեր տեղը վաղ թե ուշ կզիջենք ավելի անխոնջ ազգերին ու պետություններին»։