Գործադիրը մոտ 7 մլն դրամ հատկացրեց Կապանի դատարանի վերանորոգման համար. նորոգումը կիրականացվի մեկ անձից գնման կարգով
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիստում թույլ տվեց Դատական դեպարտամենտին հերթական մեկ անձից գնումն իրականացնել եւ անհետաձգելի համարեց ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների ձեռքբերումը: Դրա համար կառավարությունը հատկացրեց մոտ 7 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական դեպարտամենտը միակողմանի լուծել է «ԱԳԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը՝ Կապալառուի կողմից շինարարական աշխատանքները ոչ պատշաճ կատարելու պատճառով և նոր մրցույթի գնման ընթացակարգը կազմակերպելու համար ժամկետներն իրատեսական չեն, առաջարկվում է անհետաձգելի համարել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը մեկ անձից:
Հարկ է նշել, որ ըստ նոր Ծավալաթերթ-նախահաշվի, (կցվում է) սահմանված գումարը կազմում է 6988340 ՀՀ դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են սեղմ ժամկետներում հասցնել ավարտին՝ (կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը մեկ ամսյա ժամկետում), և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինարարական աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը»: