Անկախ իշխանության դիմադրությունից, ես ինքս ամեն ինչ անելու եմ զինվորականների դերի բարձրացման, նրանց հետ առնչվող խնդիրների թեթևացման և սատարման համար.Տիգրան Աբրահամյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը հնարավորություն էր տալու զինծառայողներին՝ առանց հերթի՝ հրատապ կարգով, բուժսպասարկում անցնել։
Նախագիծը մեր գործընկեր Թագուհի Թովմասյանն էր ներկայացրել։
Իմ մոտեցումը ձևակերպելիս, նշեցի, որ սա և՛ բխում է զինվորական մասնագիտության գրավչության բարձրացումից, և՛ զինծառայողների՝ առանց այդ էլ գերծանր գրաֆիկը, մի մեծ հոգսով թեթևացնելու մոտեցումից։
Ավելին, ես համարում եմ, որ արտահերթ հիմունքներով, պետք է առողջական սպասարկում, ապահովում անցնեն նաև զինծառայողների ընտանիքի անդամները։
Ովքեր առնչություն են ունեցել ծառայությանը կամ ում շրջապատում զինվորականներ կան, խոսքն առաջին հերթին վերաբերվում է մարտական հերթապահություն կրողներին, գիտեն, թե օրինակ՝ ի՞նչ լարված առօրյայով ապրում այս մարդիկ, թե որքան քիչ է նրանց հնարավորությունը տանը լինելու և ընտանեկան կյանքը վայելելու։
Ի վերջո, մենք այսքան խոսում են զինվորականի դերի բարձրացման, հասարակության շրջանում նրանց հատուկ դերի հատկացման և առհասարակ, նրանց պարտական լինելու մասին, սակայն երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու մասին, իշխանությունը հազար պատճառ է հնարում, որ նույնիսկ ֆինանսական բեռ չպարունակող այս նախաձեռնությունը տապալի։
Թվում է, թե որոշ հարցեր նույնիսկ առանց հարցուպատասխանի պետք է ընդունվեն, բայց պարզվում է, որ ոչ։ Դե այս իշխանության պայմաններում զարմանալի բան չկա, զուտ արձանագրելու համար։
Անկախ իշխանության դիմադրությունից, ես ինքս ամեն ինչ անելու եմ զինվորականների դերի բարձրացման, նրանց հետ առնչվող խնդիրների թեթևացման և սատարման համար։