Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով․ Լավրովը՝ «թյուրքական աշխարհի» քարտեզի մասին
Ռուսաստանը եւս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝ «ցեղակիցների» բնակության տարածքին համապատասխան, եւ այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր շրջանները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ այդ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ Ալթայում։
Հիշեցնենք, որ քարտեզն Էրդողանին նվիրել էր Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին։ Բահչելիի եւ Էրդողանի լուսանկարը տեղադրվել էր Twitter-ում։ Լուսանկարում երեւում է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որը, ըստ Բահչելիի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արեւելյան Սիբիրը, ինչպես նաեւ Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի տարածքների մի մասը եւ Իրանը։