Հանրային սննդի վայրեր այցելելու համար պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագրերի պահանջի մասին հրամանը կստորագրվի ուրբաթ կամ երկուշաբթի. նախարար
Հանրային սննդի վայրեր այցելելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագրերի պահանջի մասին հրամանը կստորագրվի ուրբաթ կամ երկուշաբթի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, այդ հրամանը ստորագրելու հետ կապված «որոշակի իրավական գործընթաց կա»:
Հրապարակումից հետո 3-շաբաթյա ժամկետ կտրվի, որ քաղաքացիները եւ տնտեսվարողները տեղեկացվեն նոր հրամանի մասին, որից հետո հանրային սննդի վայրեր, ինչպես եւ մի շարք այլ հանրային վայրեր քաղքացիները կկարողանան մուտք գործել միայն պատվաստված լինելու կամ 24 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի կամ ռապիդ-թեստի բացասական արդյունքի պարագայում։
Նախարարը նաեւ հիշեցրեց, որ բոլոր միջամտությունները, որոնք չեն իրականացվում պետության հաշվին եւ ամրագրված չեն պետության կողմից տրամադրվող անվճար կամ արտոնյալ կարգով տրամադրվող ծառայությունների մեջ, քաղաքացին իրականացնում է իր հաշվին: Այսինքն, չնայած այն փաստին, որ սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի բոլոր դրույթները ճանաչեց սահմանադրական՝ բացի «իր հաշվին» արտահայտությունից, քաղաքացին պետք է կորոնավիրուսի թեստերը հանձնի իր կամ «բարեկամների» հաշվին:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, այս սահմանափակումը հանրային սննդի վայրերի գործունեության վրա բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ պատվաստված քաղաքացիների թիվը Հայաստանում արդեն բավական մեծ է: