Կշարունակենք պայքարը դիվանագիտական հարթության մեջ՝ հանուն Արցախի միջազգային ճանաչման․ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունց
Հաշվի առնելով 2021թվականին արձանագրված զարգացումները եւ 2022 թվականին արդեն ուրվագծվող մարտահրավերները, որն՞ է լինելու Արցախի Հանրապետության առաջնահերթությունը մեկնարկած տարվա ընթացքում և ինչպիսի՞ն է պատկերացնում Արցախի զարգացման տեսլականը փորձել ենք հետաքրքրվել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցից, ով հակիրճ, բայց բովանդակալից պատասխան տվեց․
-2021-ը բարդ տարի էր: Խոսքը դեռ հոգեբանական մակարդակի մասին է: Պատերազմից մեկ-երկու ամիս էր անցել, բայց խնդիր էր դրված հստակ աշխատող պետական ապարատ ունենալ, որը կկարողանար իր վրա վերցնել պատերազմի հետեւանքների թեթեւացումը: Այն ինչ հնարավոր էր ուղղել, վերակառուցել, պետք է արվեր հնարավորինս արագ, քանի որ մեր տեղահանված հայրենակիցների վերադարձը առաջնային խնդիր էր հռչակված: Առաջին փուլում հենց այդ ուղղությամբ էլ աշխատել է Արցախի կառավարությունը՝ ՀՀ կառավարության եւ Սփյուռքի աջակցությամբ: Վերականգնվել են ենթակառուցվածքները, պայմաններ ապահովվել, որ վերադարձած մեր հայրենակիցները, մեր քաղաքացիները առանց տանիք չմնան: 2021-ը նաեւ այն նպատակին ծառայեց, որ հետագա անելիքները հստակեցվեն, ժամանակավոր լուծումներից անցնենք խնդիրների հիմնավոր լուծմանը: Անվտանգության առումով անցնող տարին ցույց տվեց, որ մեր մտահոգությունները հիմնավոր են, դրանց առկայությամբ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների անժամկետ ներկայությունը՝ պահանջված: Արտաքին քաղաքականության հարցում էլ մեր դիրքորոշումը չի փոխվել: Անցած տարին ցույց տվեց, որ ուժային կենտրոնների դիրքորոշումն էլ չի փոխվել, ըստ էության: Ուրեմն այդ հարթությունում էլ պայքարը շարունակվելու է:
Թվարկած առաջնահերթությունները արդիական կլինեն նաեւ 2022-ին: Կշարունակենք պայքարը դիվանագիտական հարթության մեջ՝ հանուն Արցախի միջազգային ճանաչման, կշարունակենք բարեփոխել մեր անվտանգային համակարգը, զուգահեռ՝ կշարունակենք պայմաններ ապահովել, որ Արցախից տեղահանված յուրաքանչյուր ընտանիք կարողանա հայրենիք վերադառնալ եւ իր սեփական տանիքն ունենալ: Տարվա կարգախոս ենք ընտրել՝«Կանգնիր Արցախի կողքին» և ի լուր աշխարհասփյուռ հայության հայտարարել,որ Արցախի հարցը միայն արցախցիների հարցը չպիտի լինի,այլ 10 և ավելի միլիոն համայն հայության։ Մի միայն այդ պարագայում կարող ենք ակնկալել համազգային բաղձալի վերելքներ։ Թող տարին լինի՝բարեբեր,խաղաղ,կայուն և բարգավաճ… Աստված պահապան մեզ բոլորիս։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ