Նազարբաեւն ինքն է Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը փոխանցել Տոկաեւին. նախկին նախագահի մամուլի ծառայություն
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ինքն է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւին։ Այս մասին հայտնել է Նազարբաեւի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, ում մեկնաբանությունները կիրակի օրը տարածվել է ԶԼՄ-ների համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, էլբասին [ազգի առաջնորդ, Նազարբաեւը] այս օրերին Նուրսուլթանում էր եւ աջակցություն էր ցուցաբերում պետության ղեկավարին։ Սակայն իրավիճակը շատ բարդ էր, եւ այդ պատճառով էլբասին ինքը որոշեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը փոխանցել նախագահին, քանի որ լավ գիտակցում էր, որ անկարգություններն ու ահաբեկչությունը օպերատիվ, արագ, կոշտ եւ անզիջում արձագանք են պահանջում երկրի ղեկավարությունից», ասել է Ուկիբայը։
Նրա խոսքով, Նազարբաեւն ու Տոկաեւը միշտ եղել են «բարիկադների նույն կողմում»՝ պաշտպանելով իրենց ժողովրդին, երկիրը եւ ազգի ապագան։ «Եւ բոլորիս համար այս դժվարին օրերին նրանք կրկին ցուցադրեցին պետական իշխանության միասնականությունը»,- նշել է Ուկիբայը: