Համաշխարհային բանկի ղեկավարը գնահատել է հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը համաշխարհային ՀՆԱ-ի վրա
Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասն այն կարծիքին է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենան համաշխարհային ՀՆԱ-ի վրա, քան ՌԴ-ի հատուկ գործողությունը Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մելպասը հաշվել է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «մոտ հեռանկարում կհանգեցնի արագ ազդեցության» համաշխարհային տնտեսության վրա:
«Կարծում եմ, որ համաշխարհային ՀՆԱ-ի վրա նույնիսկ ավելի շատ ներգործություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-հայտարարել է Մելպասը՝ հանդես գալով Washington Post թերթի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Համաշխարհային բանկի ղեկավարը, սակայն, նշել է, որ մյուս երկրները կկարողանան արագորեն վերականգնվել ՌԴ-ից և Ուկրաինայից ռուսաստանյան էներգապաշարների և սննդամթերքի մատակարարումների դադարեցումից: Մասնավորապես, նրա կարծիքով, մյուս երկրների գյուղատնտեսական ոլորտը կարող է «ընտելանալ մեկ տարվա ընթացքում կամ մոտավորապես այդքան ժամանակում»:
Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին:
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների և ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը: