Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն իրացնելու իր իրավունքը, ետ բերելու իննսունականներից առ այսօր պետական թալանը, բայց ոչ այն գործիքակազմով, ինչն արվում է այսօր, որն անթույլատրելի է.Լևոն Բաղդասարյան, փաստաբան
Հայաստանյան խրոնիկոն
Իրավամբ, պետական մակարդակով առաջին պարտությունը գրանցվեց իննսունականների սկզբին, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո իշխանության բուրգին հայտնված անձանց թողտվությամբ, հանցագործ գործնեությամբ կամ անգործությամբ սկսվեց պետական գույքի տոտալ թալան, ընտրովի արդարադատություն, զոռբաների ինստիտուտի ձևավորում:
Իրավամբ, պետական մակարդակով հաջորդ պարտությունը գրանցվեց 96-97 թվականներին, երբ համապետական ընտրությունների անվան տակ գործող իշխանությունը վերարտադրվեց, ուժային կառույցի ղեկավարը հայտարարեց, որ չեն պատրաստվում իշխանությունը փոխանցել, իսկ մյուս ուժային կառույցի ղեկավարը հայտարարեց, որ նախագահի նստավայրի վրա գնացող ցուցարարները հարյուրներով պետք է գնդակահարվեն։
Իրավամբ, հերթական պետական մակարդակով պարտությունը գրանցվեց հոկտեմբերի քսանյոթին, երբ գլխատվեց ժողովրդի քվեով ձևավորված քաղաքական ուժ:
Իրավամբ, հաջորդ պետական մակարդակով պարտությունը մարտի մեկի ցնցումներն էին, երբ իշխանության բուրգի գլխին նստած և ցնցումներ հրահրող անձինք, թող ներվի, արժանի էին միմյանց։
Իրավամբ, հաջորդ պետական մակարդակով պարտությունը տեղի ունեցավ 2018 թվականին, երբ համազգային զարթոնքի ազդեցությամբ ձևավորված իշխանությոնը զարկ տվեց սև-սպիտակ քաղաքականությանը, ընտրովի արդարադատությանն ու ատելության քարոզին։ Երբ մեկ անձի վրա կարված սահմանադրությունը հարմարացրեց իր հագին՝ բխող բոլոր կործանարար հետևանքներով ։
ԵԼՔԸ
Բացառապես իրավական գործիքակազմով դնել խաղի կանոններ, մինչ այդ փոխելով Սահմանադրությունը, հայտարարելով օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն։
Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն իրացնելու իր իրավունքը, ետ բերելու իննսունականներից առ այսօր պետական թալանը, բայց ոչ այն գործիքակազմով, ինչն արվում է այսօր, որն անթույլատրելի է։
Պարտությունների այս շարանի առանցքային պատճառը նեղ անձնային կամ կուսակցական շահերն են, որը բարձր է դասվում պետական շահից, ինչն անթույլատրելի է և կործանարար:
Լևոն Բաղդասարյան, փաստաբան
