Մենաշնորհ, անհավասար մրցակցություն. Ինչո՞ւ ավտոշուկայի շուրջ ստեղծված սկանդալին չի արձագանքում ՏՄՊՊՀ-ն
«Իրավունքը» գրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով: Մասնավորապես, առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ եւ այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը:
Ըստ վերը նշվածի Էրեբունիում գործող ավտոշուկան պետք է տեղափոխվի Մխչյան, այն դեպքում, երբ տվյալ` գործող տարածքում առկա են բոլոր պայմանները նոր չափորոշիչները ներդնելու համար:
Ոլորտի մասնագետներ, ավտոներկրողները բազում լրատվամիջոցների արդեն բարձրաձայնել են, որ նախագիծը ունի հստակ նպատակ ոլորտը մոնոպոլիզացնելու եւ տվյալ բիզնեսը մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու համար: Հատկանշական է, որ նախագիծը հանրային քննարկման չի դրվել, չի քննարկվել նաեւ տարիներ շարունակ ոլորտը կայացրած տնտեսվարողների հետ:
Արդյո՞ք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է տվյալ նախագիծը, եթե այո, ապա արդյո՞ք անհավասար մրցակցության պայմաններ եւ շուկայում մենաշնորհային դեր ապահովվելու տարրեր չի գտել: Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով «Իրավունքը» գրավոր դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին:
Պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցոցին:
Շարունակելի