Հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, դրանք համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին․ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իրավասու պետական մարմնից անհերքելի ապացույցներ են ստացվել, որոնք փաստում են՝ խնդրո առարկա հրթիռները ձեռքբերման ժամանակ շահագործման ժամկետների մեջ են եղել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
Այսպես՝ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Տոնոյանը, 2010-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և այդ պաշտոնի բերումով տեղեկացված լինելով մատակարարման պահին հիշյալ հրթիռների օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին, ձեռնամուխ է եղել այդ՝ պիտանելիության ժամկետները սպառված և տեխնիկական բնութագրին անհամապատասխան հրթիռների ձեռքբերմանը: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, մի քանի պաշտոնական աղբյուրներից, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմնից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ հիշյալ հրթիռների պիտանելիության ժամկետները սպառված չեն եղել, ավելին՝ հրթիռներն անգամ համապատասխանել են տեխնիկական բոլոր նորմերին: