Իրանը կարեւորում է Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ սահմանի հատման եւ վիզաների փոխադարձ տրամադրման պարզեցումը
Իրանը կարեւորում է Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ սահմանի հատման եւ վիզաների փոխադարձ տրամադրման պարզեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բաքվում։
«Մենք (Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը – խմբ.) պետք է պարզեցնենք սահմանների հատման եւ վիզաների ստացման հարցը։ Դա կհանգեցնի մի շարք ծախսերի կրճատման, այդ թվում կվերացվեն անօրինական եւ ոչ պրոցեսուալ խոչընդոտները»,- իրանցի նախարարին մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ Բաքվում տեղի է ունեցել Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հարցի վերաբերյալ, որի արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Այն ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւը, Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին եւ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։