Ուշադրություն չեմ դարձնում գայլերի ոռնոցներին, իսկ Նիկոլի մարդիկ` նստած են Արցախում. Սամվել Բաբայանը` Նիկոլի «մարդը» լինելու մասին
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին հավաք է հրավիրել Ստեփանակերտում ՝ քննարկելու Արցախի շուրջ զարգացումները։ Որը, վերջին մի քանի օրերին լայն քննարկման թեմա է դարձել, մամուլում եւ արցախյան որոշ շրջանակներում, ընդհուպ եղան խոսակցություններ, որ նա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է գործուղվում Արցախ նոր ցավոտ որոշումների պատրաստելու համար արցախահայությանը:
Իրականում ինչն՞ է Արցախի ԱԽՔ նախկին քարտուղարի Արցախ մեկնելու իրական պատճառը, ինչպես նաեւ «Նիկոլի մարդը» լինելու մասին խոսակցություննեով պայմանավորված փորձեցինք կապ հաստատել անձամբ Սամվել Բաբայանի հետ, ով հակիրճ ներկայացրեց հետեւյալը, նախ անդրադառնալով խոսակցություններին.
-Ես ուշադրություն չեմ դարձնում առհասարակ գայլերի ոռնոցներին եւ նման խոսակցություններ տարածող պատվիրատուներին, որովհետեւ այդ պատվիրատուները վաղուց այլեւս քաղաքական դիակներ են: Այնպես որ խորհուրդ եմ տալիս ջուր խմել եւ խորը շունչ քաշել: Ինչ վերաբերում է նրան, որ ինձ կապում են Նիկոլի մարդը լինելու հետ, ապա պետք է հիասթափեցնեմ եւ տեղեկացնեմ հասարակությանը, որ Նիկոլի մարդիկ նստած են Արցախում եւ զբաղեցնում են պաշտոններ:
Իսկ իմ այցը պայմանավորված Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա վտանգների շուրջ կոնկրետ խնդրի լուծման մեխանիզմներ ներկայացնելուն եւ հասարակության հարցերին անկեղծ պատասխանելուն, ինչից էլ անհանգստացած են արցախյան քաղաքական շրջանակները, բայց նորից եմ կրկնում` թող հանգիստ նստեն տեղները եւ սպասեն իրենց վերջնական քաղաքական վախճանին:
Հ.Գ. Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով Սամվել Բաբայանը հասարակության հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել դեռեւս երկու շաբաթ առաջ, երբ Ստեփանակերտի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ի թիվս այլ անձանց բարձրաձայնվել է նաեւ Սամվել Բաբայանի անունը, ով միանգամից արձագանքել է: Սակայն, չգիտես ինչու հանրահավաքի կազմակերպիչները քննարկելուց հետո ասել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հանդիպումը կազմակերպելը: Սամվել Բաբայանն էլ ինքն է որոշել գնալ եւ պատասխանել հասարակությանը հուզող հարցերին` ներկայացնելով իրավիճակից ելնելու իր տեսլականը: