Մեր գոյության իրավունքն է դրված սեղանին, թող ամեն մեկը մտածի մեր հայրենիքը մեզ համար սրբագործված ժառանգությո՞ւն է, թե՞ բնակավայր, որը ինչ-որ ժամանակ կարող ենք փոխել ինչ-որ բանի հետ. Բագրատ Սրբազան
«Երկիրն ու պետությունը կառավարում են կառավարիչներով , իսկ ազգը առաջնորդողը պետք է լինի առողջ եւ հանուն ազգի շահի, ոչ թե վախից կքած մարդ, ինչն ունենք այսօր: Այսօր երեւացող եւ աներեւույթ թշնամին հարձակվել է մեզ վրա բոլոր ուղղություններով` ֆիզիկապես եւ հատկապես հոգեւոր իմաստով: Այսինքն՝ մեր կյանքի բոլոր սյուները փլելու հարձակում է սա»,-Newsmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ՀՀ-ի առջեւ ծառացած մարտահրավերներին, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը, ընդգծելով.
-Այսօր մեր գոյության իրավունքն է դրված սեղանին, թող ամեն մեկը մտածի մեր հայրենիքը մեզ համար սրբագործված ժառանգությո՞ւն է, թե՞ բնակավայր, որը ինչ-որ ժամանակ կարող ենք փոխել ինչ-որ բանի հետ: Պետք է յուրաքանչյուրս հասկանանք, որ մեր հայրենիքը սկսում է Արցախից, որտեղ մեր տղաների քրտինքն ու արյունն է, ով այդպես չի մտածում ուրեմն նա կապ չունի ոչ մեր ինքնության, ոչ էլ առավելեւս խաղաղության հետ: Մեզ ոչ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ մեծ պետություններով, եթե մենք ինքներս չցանկանանք ընկնել, եթե մենք մեր մեջ ուժ գտնենք պայքարելու ու վեր հառնելու: Պետք է հասկանանք, որ մարդուն ազատագրում է ճշմարտությունը, ոչ թե սուտը: