Նախ կապել,առանձնակի դաժանությամբ սպանել են կնոջը, հետո կապել են երեխաների ձեռքերն ու ոտքերը և դանակով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին. ՔԿ-ն՝ Պեմզաշենի դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, ով տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք Է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրն ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:
Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ վերջինիս 41-ամյա ազգականին՝ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարել է:
Նախաքննությունը շարունակվում է: