Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը, իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Աբրահամյան
Ադրբեջանական սադրանքներն Արցախի մի քանի ուղղություններում տարբեր դրսևորումներ են ստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Եթե նախորդ շաբաթ դրանք հիմնականում դրսևորվում էին Ասկերանի շրջանի ուղղությամբ, ապա նախօրեին իրենց արձանագրումն են ստացել Ամարասի հովտում. ադրբեջանցիներն անկանոն կրակահերթեր են արձակել դաշտում/այգում աշխատող քաղաքացիական անձանց նկատմամբ։
Հայաստանի ուղղությամբ ևս Ադրբեջանն առանձնապես պասիվ չէ և նրա ակտիվությունը դրսևորվում է ինչպես բռնազավթված հատվածներում ամրաշինական աշխատանքներով, այնպես էլ՝ հրադադարի ռեժիմի խախտումներով և տեղային շարժերով։
Այս քայլերով Ադրբեջանն աստիճանաբար բարձրացնում է լարվածության աստիճանը և դեռ պարզ չի, թե սա ինչ վերջնական հետևանքների կբերի։
Իսկ ի՞նչ է անում ստեղծված իրադրության պայմաններում Հայաստանի իշխանությունը՝ դատարկաբանություն, խոստումներ, անիմաստ ծախսեր և ոչինչ չտվող պլանավորումներ», - նշել է Աբրահամյանը։