Երևանում մի խումբ անձինք, այս անգամ՝ առանց ձվերի ու ներկի, ներխուժել են «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանում հերթական անգամ մի խումբ անձինք ներխուժել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակ և խոչընդոտել այնտեղ գտնվողների աշխատանքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում թվով 10 հոգի ներխուժել են «Հանրային ձայն»-ի փաստաբանական գրասենյակ։ Նրանք հարձակում չեն իրականացրել աշխատակիցների նկատմամբ, սակայն բարձրաձայն ինչ-որ արտահայտություններ են հնչեցրել աշխատակիցների հասցեին և պահանջում էին, որպեսզի «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանը պարտավորագիր տա, որ այլևս չի հայհոյելու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գրասենյակ ներխուժածներից մի քանիսը եղել են ոչ ադեկվատ, ոչ սթափ։
Օպերատիվ են գործել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր, այցելելով գրասենյակ, նշված անձանց տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս անգամ ներխուժողները եղել են առանց հավկիթների ու ներկի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել էին Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության փաստաբանական գրասենյակի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել էին կարմիր ներկ, պատերին առկա էին հում ձվի հետքեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։