Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. միացե՛ք մեր գործողությանը և սատար կանգնեք աղետի եզրին հայտնված մեր հայրենակիցներին. «Համախմբում»
«Համախմբում» շարժման նախաձեռնող խումբն այսօր՝ ժամը 15:30-ին բողոքի ցույց կկազմակերպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որտեղ կներկայացնի իր պահանջները՝ վերջ դնելու Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտներին և ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև. «Սիրելի բարեկամներ, Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Թշնամին փակել է Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ռուսական խաղաղապահները մինչ այժմ չեն կարողացել այն վերաբացել, երեկվանից նաև թշնամին անջատել է Արցախ մտնող բնական գազը։ Եթե իրավիճակը հրատապ չկարգավորվի, Արցախի մեր 120,000 հայրենակիցներին աննախադեպ հումանիտար աղետ է սպառնում։
Այս ծանր պայմաններում մենք պարտավոր են մեզ հասու բոլոր միջոցներով սատար կանգնել մեր հայրենակիցներին։ Մասնավորապես, կարևոր է, որ միջազգային բոլոր հիմնական կառույցները, որոնք ի պաշտոնե զբաղվում են մարդու իրավունքների և քաղաքացիական բնակչության պաշտպանությամբ, այսօր հստակ քայլեր ձեռնարկեն՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը և կանխելու վերահաս հումանիտար աղետը։
Այս նպատակով այսօր` ժամը 15:30, «Համախմբում» շարժման նախաձեռնող խումբը բողոքի ցույց կկազմակերպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց (հասցե՝ Պետրոս Ադամյանի փողոց, 14), որտեղ մենք աշխատակազմին կհանձնենք մեր պահանջները՝ վերջ դնելու Արցախի բնակչության նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտներին, գործուն միջոցներով պաշտպանելու նրանց հիմնարար մարդկային իրավունքները, և անմիջական ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերացնելու Արցախի ապօրինի պաշարումը։
Միացե՛ք մեր գործողությանը, և ձեր ներկայությամբ և վճռականությամբ սատար կանգնեք աղետի եզրին հայտնված մեր հայրենակիցներին»։