Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան կլինի Արցախ աշխարհին և ուժ կտա մեզ՝ հայերիս, դիմակայելու թուրք-ադրբեջանական ցեղասպան սադրանք-ճնշումներին. Արթուր Թովմասյան
Հարգելի ընկերներ, նկարում պատկերված է Արցախի Վաղուհաս գյուղում գտնվող, «Եղցուկտոր» մատուռի գերեզմանատանը տեղադրված, իսկ հիմա գցված և անմխիթար վիճակում գտնվող ամենահին խաչքարը, որի վրա ստույգ թվագրված է 866 թ., իսկ վրան փորագրված է հետևյալը՝ «Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք»:
Դիմում եմ ազատ և անկախ Արցախի Հանրապետության իմ ընկերներին. տե՛ր կանգնեք պատմամշակութային կոթողին, ստիպե՛ք ԱՀ իշխանությանը միջոցներ ձեռնարկի կոթողը տեղափոխելու և տեղադրելու Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան կլինի Արցախ աշխարհին և ուժ կտա մեզ՝ հայերիս, դիմակայելու թուրք-ադրբեջանական ցեղասպան սադրանք-ճնշումներին...
Թեմայի շրջանակում ուզում եմ պատմությունից մեկ օրինակ բերել. 1941-ի վերջին, Մոսկվայի համար մղվող թեժ մարտերի ժամանակ, Ստալինի հրամանով, «воздушный крестный ход» կատարվեց քաղաքի վրայով. Աստվածամոր պատկերակով (икона Богородицы) ինքնաթիռը պտտվեց մայրաքաղաքի շուրջ և դրանով իսկ օգնեց հավատացիալ զինվորներին և փրկեց ու պահպանեց քաղաքը: Հայտնի է նաև այլ կրոնական հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնց թվում է Մոսկվայի Մատրոնայի մարգարեությունը, որը հնչել է Ստալինի հետ հանդիպման ժամանակ և Կազանի Աստվածածնի սրբապատկերի հատուկ դերը Լենինգրադի պաշտպանության և Ստալինգրադի ճակատամարտում: Այն ժամանակ բացվեցին Ռուս ուղղափառ եկեղեցու 20 հազար եկեղեցիներ, և ամբողջ Ռուսաստանը աղոթում էր, նույնիսկ Իոսիֆ Ստալինն էր աղոթում:
Հ.Գ. Այդ տիպի ազգային և պատմամշակութային հուշակոթողները, գերբնական ուժ են տալիս ազգերին և ժողովրդներին: Չասեք դրա ժամանակը չէ, բա ե՞րբ, եթե ոչ հիմա...