«Մտել է տներից մեկը, հաց է կերել, տանտիրոջ կուռտկեն հագել ու դուրս ա եկել». բացառիկ մանրամասներ՝ Սիսիանի գյուղերից մեկում հայտնաբերված ադրբեջանցու մասին
Ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի գյուղերից մեկի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ պիջակը հագնվել ու դուրս է եկել գյուղամեջ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սիսիանի բնակիչներից մեկը։
Զրուցակիցս ասում է՝ տանտիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։
«Մտել է տներից մեկը, հաց է կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել։ Հետո գնացել ա նստել ա գյուղի խանութի առաջ, որ կառտ խաղա»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ ուրիշներից է այդ պատմությունը լսել։
Նրա խոսքով՝ խանութի մոտ հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ իրենց դիմաց ո՛չ հայ է, ո՛չ ռուս։ Բռնել են, զանգել են ԱԱԾ, եկել են, տարել են։
«Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշեց բնակիչը։