Տեղ գյուղում զոհված Հենրիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա 2 անգամ վիրավորվել էր (ֆոտո).NEWS.am
Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 12-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը Վայոց ձորի Վայք քաղաքից էր:
NEWS.am-ին համայնքապետարանից պատմեցին, որ Հենրիկ Քոչարյանը մինչեւ զինվորական դառնալը սովորել էր նաեւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Տան ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ու եղբայր ուներ:
Նա մասնակցել է նաեւ 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում է մեկ անգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, եւ ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:
«Պատերազմին զոհված ընկերոջ մարմինն իր ձեռքերով է դուրս բերել մարտի դաշտից»,- պատմեցին համայնքապետարանից:
Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում երեկ փոխհրաձգություն է եղել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտենեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին, որից հետո կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։
Փոխհրաձգության հետեւաանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։