Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:
Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ:
2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:
Կատարվում է նախաքննություն