Արցախում բուժօգնության լիցենզավորված գործունեությունը հնարավոր կլինի իրականացնել նաև լիցենզավորման վայրից դուրս
Հունիսի 27-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը. ԱՀ առողջապահության նախարար Վ. Թադևոսյանը ներկայացրել է ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում լիցենզավորված անձանց հնարավորություն կտրվի բժշկական օգնության և սպասարկման նախատեսված տեսակների դեպքում լիցենզավորված գործունեությունը իրականացնել նաև լիցենզավորման վայրից դուրս:
ԱԺ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հնչել են առաջարկություններ:
Հիմնական զեկուցողի կողմից օրենքի նախագիծը լրամշակման նպատակով հետ է վերցվել:
«Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վ. Առաքելյանը,առաջարկվում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշներում ընդգրկել նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում **-ով նշված բնակավայրերից, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո, Քարեգահ համայնքներից, Ներքին Սուս համայնքի Ներքին Սուս բնակավայրից, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ համայնքից, ինչպես նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրի բռնազավթված մասից տեղահանված լինելու հանգամանքը:
Հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին: Այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը: