Սիեթլ թռչող ինքնաթիռի ուղեւորը սպառնացել է պայթեցնել այն իրեն հետեւող Սինալոա թմրակարտելի պատճառով
Առաջին դասի ուղեւորը, որին մեղադրում են «բոլորին սպանելու» սպառնալիքի համար, ավելի ուշ ասել է, որ ցանկանում էր փոխել չվերթի ուղղությունը, որովհետեւ մտածում էր, որ Սինալոա թմրակարտելի անդամներն իրեն սպասելու են օդանավակայանում, որտեղ նրան կբռնեն, կտտանքների կենթարկեն եւ կսպանեն, տեղեկացրել է Business Insider-ը՝ հղում կատարելով ՀԴԲ հայտարարությանը։
Բրենդոն Սքոտը Alaska Airlines ավիաընկերության ուղեկցորդուհուն է հանձնել գրություն չորեքշաբթի Սիեթլ թռչող օդանավում։
Գրության մեջ, մասնավորապես, նշված էր այն մասին, որ ինքնաթիռում ռումբ կա, որն ուղեւորը սպառնում էր գործի դնել, եթե ինքնաթիռը չփոխի ուղղությունը դեպի ցանկացած այլ օդանավակայան։
Alaska Airlines ավիաընկերության 334 չվերթը Ատլանտայից Սիեթլ փոխել է ուղղությունը դեպի Սփոկան օդանավակայան, որը Սիեթլից հեռու է մոտ 4 ժամ, այն բանից հետո, երբ ուղեկցորդուհին տեղեկացրել է այդ մասին կապիտանին, որը խոսել է կարգավարի եւ ավիաընկերության անվտանգության ծառայության հետ։
Դրանից հետո ուղեւորը կալանավորվել է իրավապահ մարմինների կողմից, նշվել է հայտարարությունում։ Նրան հարցաքննել են հատուկ գործակալները, եւ նա պատմել է, որ իր նպատակը Սինալոա թմրակարտելն էր։
ՀԴԲ հայտարարությունում նշվել է, որ Սքոտը իշխանություններին պատմել է, որ կարտելի անդամները սպասել են իրեն Սիեթլում, որպեսզի կտտանքների ենթարկեն եւ սպանեն, եւ որ պայթյունի կեղծ սպառնալիքը նրանցից իրեն փրկելու միջոցն էր։
Օդանավակայանի սակրավորները զննել են ինքնաթիռը, բայց ոչ մի պայթուցիկ սարք կամ նյութ չեն գտել։