Արցախցիներին Ստեփանակերտի օդանավակայան են հրավիրել, լուսանկարել ու ասել՝ ՀՀ-ն թույլ չի տալիս, որ տեղափոխվեք Հայաստան. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե տեղեկություն ունի, որ նախորդ օրը Լեռնային Ղարաբաղում ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան։
«Իհարկե, մենք էլ համապատասխան միջոցներ պատրաստ ենք ձեռնարկել: Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը: մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում: Մենք տեղեկություն ունենք, որ նախորդ օրը շուրջ 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան, նրանց ասվել է եկեք, որովհետեւ հնարավոր է՝ տեղափոխվեք Հայաստան: Նրանց տեսանկարահանել են, որից հետո ասել են Հայաստանը թույլ չի տալիս, որ դուք տեղափոխվեք Հայաստան: Հետո այդ լուսանկարներն են հրապարակվել: Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է ներքաղաքական ցնցումներ եւ քաոս առաջացնելու համար»:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ԼՂ-ի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը. «Չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ ԼՂ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով: Սա շատ կարեւոր նրբություն է» , - ասաց Փաշինյանը։