Առինջում թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր, ոսկյա, բրենդային ժամացույցներ
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Տունը պատկանում է հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42-ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է և տնից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ: