Տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները հիմնականում վերաբերում էին Հայաստանում մշտական կեցավայր և աշխատանք ունենալու անհրաժեշտությանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված կանանց հետ։
Պատգամավորի խոսքով` տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները հիմնականում վերաբերում էին Հայաստանում մշտական կեցավայր ունենալու անհրաժեշտությանը, Հայաստանում իրենց գոյության պահպանման համար մշտական զբաղվածություն ունենալուն, փաստաթղթային խնդիրների լուծմանը. կորցրած անձնագրերը, ադրբեջանական առևանգումներից խուսափելու համար այրած զինգրքույկների, ավտոմեքենաների վկայականների և մի շարք այլ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը լուրջ խոչընդոտներ են ստեղծում աշխատանքի անցնելու, սոցիալական ծառայություններից օգտվելու, ինչպես նաև հարյուր հազարական միանվագ դրամական աջակցության ստացման հարցերում, բուհական հաստատություններում տարբերության քննությունների պատճառով ուսանողների ներգրավման խոչընդոտներին, ուսման բարձր վարձավճարների փոխհատուցմանը կամ զեղչերի տրամադրմանը, նախադպրոցական հաստատություններում ազատ տեղերի բացակայության պատճառով երեխաներին մանկապարտեզներում ներգրավման խնդիրներին։
«Չնայած թվարկված խնդիրներին և ստեղծված ծանր իրավիճակին՝ արարող արցախցի կանայք չեն կորցրել արժանապատիվ ապրելու իրենց ձգտումը և պատրաստակամ են ինտեգրվել ու զարգացնել իրենց համայնքը, որի շուրջ արդյունավետ զրույց ունեցանք՝ քննարկելով իրենց իսկ առաջարկներն ու գաղափարները։
Շարունակելու եմ հետևողական լինել վերոնշյալ և մի շարք այլ հարցերի՝ արագացված ընթացակարգով կարգավորմանը։
Բարձրացված խնդիրների մասին արդեն անհրաժեշտ գրություններ եմ պատրաստել համապատասխան գերատեսչություններին և սպասելու եմ արձագանքների՝ ձեռնարկվելիք քայլերի իրագործման համար», - Facebook-ում գրել է Թովմասյանը: