Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet, որի վրա եղել են կրակոցի հետքեր
Հոկտեմբերի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում. Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում ոստիկաններին ու քննիչներին Մարզպետ Կ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01:30-ին մինչ 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրազենից կրակելու միջոցով վնասել է իր տան դիմաց կայանված ավտոմեքենան:
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 հատ որսորդական ողորկափող հրազենի կոտորակներ, իսկ ավտոմեքենայից հեռու հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրազենի փամփուշտի խիցկոնտենիեռ:
Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից:
Ոստիկանները հայտնաբերել են Հրաչ Մ.-ին և հանցագործության գործիք հրազենը, ապա նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: