Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:
Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ», - գրել է նա: