Ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն օր առաջ վերադառնան. ԱԳ փոխնախարարը` Բաքվի կողմից գերեվարված և ապօրինաբար կալանավորված պաշտոնյաների ու քաղաքացիների մասին
Հայաստանի Հանրապետությունը և Արտաքին գործերի նախարարությունը միջազգային բոլոր հարթակներում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, բարձրացնում են այս խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում նախարարությունը Բաքվի կողմից ապօրինաբար առևանգված և կալանավորված` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ:
«Գիտեք, որ կան իրավական գործընթացներ ՄԻԵԴ-ում: Մենք ամբողջ գործիքակազմը, որը հասու է ԱԳՆ-ին օգտագործում ենք, որպեսզի օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում` նախկին պաշտոնյաները վերադառնան»,- ասաց Կոստանյանը:
Հարցին, թե սպասելիքներն ինչպիսի՞ն են միջազգային հանրությունից, Կոստանյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած նիստերի ընթացքում մենք հստակորեն արձանագրել ենք որոշումը, որ ըստ մեզ, Լաչինի միջանցքի փակումից սկսած և մինչ այդ նույնպես, միջազգային հանրությունն ադեկվատ չի արձագանքել ստեղծված իրավիճակին, և Լեռնային Ղարաբաղից տեղի ունեցած բռնի տեղահանումը նաև միջազգային հանրության անգործության հետևանք է: Բայց մենք շարունակելու ենք աշխատանքները միջազգային գործընկերների հետ, որպեսզի ավելի ադեկվատ և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված հստակ քայելրև ձեռնարկեն, և անհրաժեշտության պարագայում ամբողջությամբ կիրառեն այն գործիքակազմը, որ իրենք ունեն»,- ասաց փոխնախարարը: