Մայր Աթոռը խորապես մտահոգված է օրերս Երեւանի սինագոգի հրկիզման փորձի միջադեպի մասին տեղեկությամբ. Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Մայր Աթոռը խորապես մտահոգված է օրերս Երեւանի սինագոգի հրկիզման փորձի միջադեպի մասին տեղեկությամբ։ Կրոնական հաստատությունների եւ պաշտամունքի վայրերի նկատմամբ որեւէ տեսակի ոտնձգություն դատապարտելի է եւ չի կարող արդարացվել որեւէ հանգամանքով կամ իրադրությամբ։ Այդ մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ի պատասխան NEWS.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երեւանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձը:
«Կրոնական այլատյացությունն ու անհանդուրժողությունը մերժելի են, եւ երբեւէ տեղ չեն գտել մեր հասարակության մեջ։ Մեր ազգը հարուստ փորձառություն ունի ապրելու այլ կրոնների եւ մշակույթների միջավայրում, աշխարհի զանազան երկրներում եւ դարեր շարունակ խաղաղ գոյակցել ու համագործակցել է տարբեր ժողովուրդների հետ։ Հուսով ենք, որ կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները կշարունակեն անհրաժեշտ քայլերը ձեռնարկել եւ ցավալի այս միջադեպը որեւէ կերպ չի ներազդի Հայաստանում հրեական համայնքի հոգեւոր կյանքի ու ապահով կեցության վրա»,- նշեց նա։
Աղբյուրը՝ news.am