Վաղն ավելի քան 15,000 ԼՂ-ից տեղահանված մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները․ փոխնախարար
Դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը:
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամաակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Վերջինիս փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15,639 դիմում:
«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղն ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները։
Նշեմ, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով»,-արձանագրեց փոխնախարարը։
Դավիթ Խաչատրյանը նաև ասաց, որ արդեն ընդունում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստների առցանց դիմումների ընդունումը։
«3 և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։ Տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով»,- հավելեց նա։