Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան
«Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հայտնեց, որ ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան դրամային զուտ ներհոսքը 2022 թվականի համեմատ ընկել է և նախկին 50 %-ի փոխարեն նախորդ տարի կազմել է՝ 30%, ընթացիկ տարում՝ 20%։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք զեկույցում չպետք է ներառվեր այն փաստը, որ 2023 թվականին մեկ ամսում ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում աճեց 14 անգամ։
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել,այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։
Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ։
«Դրամի զուտ ներհոսքը նավեզել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է»,-ասաց Խաչատրյանը և, նշելով, որ կատավարությունը պետք է այդ խնդիրներին անդրադարձ կատարեր, ինչը չի արել՝ հավելեց, «Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ»։