Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ քննարկել հարցերը. Պեսկովը` ռուս սահմանապահներին Տավուշից դուրս բերելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Փաշինյանը լրագրողներին հայտնել էր իրավիճակի փոփոխման մասին` կապված Ադրբեջանի հետ սահմանի Տավուշի մարզի հատվածում ռուս սահմանապահների ներկայության հետ և նշել, որ նրանց դիրքերը պետք է դուրս բերվեն:
«Այս առումով կրկին ազդանշաններ չեղան։ Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ռուսական սահմանապահ կետերի դուրսբերման մասին հայտարարությունները։
Հիշեցնենք, որ հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ռուսական սահմանապահ կետեր են տեղադրվել 2021 թվականին: