Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է. նոր հայտերի մասին պարբերաբար կհայտարարվի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ որպես կոնվենցիայի համակարգող։ Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թվականին: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է. նոր հայտերի մասին պարբերաբար կհայտարարվի։