Բելառուսական կողմը նշում է, որ հայ իրավապահները բավարար միջոցներ չեն ձեռնարկել դեսպանատան մոտ կատարվածը կանխելու համար
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը օգոստոսի 21-ին հրավիրվել է հանրապետության ԱԳՆ, հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Ավելի վաղ «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով, կարտոֆիլ, ձու եւ լոլիկ են նետել Երեւանում Բելառուսի դեսպանատան վրա:
Գերատեսչությունից հայտնել են, որ հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երեւանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած դեպքի մասին։
Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա եւ հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի:
«Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության եւ նրա գույքի անվտանգության, ինչպես նաեւ դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով եւ ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում: