Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Ջասթին Ուելբիին, այլ հոգևոր առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ ուղերձով, որում խնդրել է «ձայն բարձրացնել ի պաշտպանություն ուկրաինական ուղղափառ եկեղեցու հալածվող հավատացյալների»:
Հիշեցնենք՝ այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ռադայի կողմից ընդունված օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում արգելել երկրում կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցին։
«Այս օրենքի դրույթների բացահայտ հակասությունները Ուկրաինայի Սահմանադրության նորմերին, նրա միջազգային պայմանագրերին, մարդու իրավունքներին և իրավունքի հիմնարար սկզբունքներին բազմիցս բարձրաձայնվել են միջազգային իրավապաշտպան խոշոր կազմակերպությունների կողմից՝ նրանց փաստաթղթերում։
Չկարողանալով թուլացնել Ուկրաինայում կանոնական ուղղափառ եկեղեցին, չկարողանալով սասանել նրա միասնությունը՝ այդ երկրի իշխանությունները որոշեցին ամբողջովին արգելել այն։
Այս օրենքի ընդունման հետևանքով Ուկրաինայում հարյուրավոր վանական համալիրներ, հազարավոր համայնքներ, միլիոնավոր ուղղափառ հավատացյալներ կհայտնվեն իրավական դաշտից դուրս, կկորցնեն իրենց աղոթավայրերը»,- նշել է պատրիարք Կիրիլը։
Ուղերձին կցված է նաև օգոստոսի 22-ի Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի հայտարարությունը, որը դատապարտում է ուկրաինական այս օրենքը: