Այնթապում 15-16 հոգու միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, միմյանց հարվածել են դանակով, գարեջրի կոտրած շշերով
Ոստիկանությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 22։15-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարության հետևանքով բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ 18 և 42 տարեկան երկու տղամարդ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21-ի սահմաններում Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում Այնթապ գյուղի բնակիչ 53-ամյա տղամարդը, երկու որդիները և նրանց 10-ից ավելի ընկերները վիճաբանել են հիվանդանոց տեղափոխված հայր և որդու ու նրանց ազգականի հետ, որի ընթացքում իրենց հետ նախապես վերցրած դանակով, գարեջրի կոտրած շշերով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրանց: 18-ամյա երիտասարդը մարմնի տարբեր մասերում ստացել է կտրած-ծակած թափանցող բազմաթիվ վնասվածքներ, վնասվածք է ստացել նաև նրա 42-ամյա հայրը:
Հետագա միջոցառումներով այնթապցի 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: