«Եթե այժմ «ազգ-բանակ» կոնցեպտի փոխարեն շրջանառության մեջ է դրվում «ԱԶԳ-ՆԱՀԱՏԱԿ» հասկացությունը, ուրեմն ճիշտ ժամանակն է վերացնել այդ վճարի գանձման պրակտիկան»
Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ազգ-բանակ»կոնցեպտից հրաժարման մասին.
Ի՞նչ տրամաբանական և կիրառական հետևանքներ կարող է և պետք է ունենա վերջերս հնչեցված` «ազգ-բանակ» կոնցեպտից հրաժարման գաղափարը։
Նախ հիշենք, որ այդ հասկացությունը շրջանառության մեջ դրվեց և սկսեց պրակտիկ նշանակություն ստանալ 2016թ. քառօրյա պատերազմից հետո, այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում ներդրվեց քաղաքացիներից «ԶԻՆՎՈՐԻ ՓՈՂ» գանձելու կամ նրանց կողմից «կամավոր» հիմունքներով վճարելու պրակտիկան՝ յուրաքանչյուրից հազարական դրամի չափով։
Այնուհետև, 44-օրյա պատերազմից հետո դա «կատարելագործվեց», գումարները ավելացան և «զինվորի փող» քողարկվեց «ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ» անհասկանալի ու խաբուսիկ անվան տակ։
Այդպիսով այն դարձավ գրեթե պարտադիր ՀԱՐԿԱՏԵՍԱԿ և զգալի բեռ փոքր բիզնեսի, ինչպես նաև աշխատող քաղաքացիներից շատերի համար։ Հետևաբար, երբ այժմ «ազգ-բանակ» կոնցեպտի փոխարեն շրջանառության մեջ է դրվում «ԱԶԳ-ՆԱՀԱՏԱԿ» հասկացությունը, ուրեմն տրամաբանական և ճիշտ ժամանակն է վերացնել այդ վճարի գանձման պրակտիկան։
Ասածս հիմնավորվում է նաև նրանով, որ եթե «ազգ-բանակ»կոնցեպտի կիրառման պարագայում կա «վտանգ», որ մեր թշնամիները մեր դեմ կարող են գեներացնել բազմաթիվ «ազգ-բանակներ», ապա նույն տրամաբանությամբ մեր դեմ կարող են գեներացնել նաև արդեն ԲԱԶՄԱՄԻԼԻԱՐԴ «դրոշմանիշային վճարներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…»։