ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գործով անցնող աշակերտների ծնող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու վերաբերյալ
Հակակոռուպցիոն բլոգ/Anticorruption Blog-ը հանդես է եկել ստորագրահավաք կազմակերպելու կոչով.
Հանրային պահանջ՝ բռնության գործով անցնող աշակերտների ծնող պաշտոնյաներին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Նոյեմբերի 27-ին համացանցում հայտնված և լայն տարածում ստացած տեսանյութը, որտեղ մի խումբ դեռահասներ դաժանորեն հարվածում և նվաստացնում են մեկ այլ երիտասարդի, շոկի մեջ գցեց հանրությանը և սուր հարցադրումներ առաջացրեց՝ էթիկական արժեքներին ու դաստիարակչական համակարգերին վերաբերվող պատասխանատվության մասին։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, ևս հինգ անձի նկատմամբ սկսվել է հանրային քրեական հետապնդում, մի քանի հոգու նկատմամբ ընտրվել են կալանքի տարբեր ժամկետներ, մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ Այս գործում առանձնահատուկ մտահոգիչ է այն հանգամանքը, որ բռնության մասնակիցների ծնողների մի մասը զբաղեցնում է պետական ու համայնքային կարևոր պաշտոններ, որոնք ենթադրում են բարձր էթիկական չափանիշներ և անքննելի հանրային վստահություն՝
· Մանուշակ Առաքելյան — գյուղի մանկապարտեզի տնօրեն
· Ամալյա Պողոսյան — Զորականի դպրոցի փոխտնօրեն
· Ռուբեն Գասպարյան — "Արթիկ" ՔԿՀ պետի տեղակալ
· Սուրեն Մարտիրոսյան — Զորական համայնքի վարչական ղեկավար
Հաշվի առնելով, որ պաշտոնները, որոնք նրանք զբաղեցնում են, անմիջականորեն կապ ունեն մանկավարժության, երեխաների հետ աշխատանքի, մարդու իրավունքների պահպանման և բարոյական դաստիարակության հետ, որ նրանց ընտանիքի անդամները, ըստ քրեական վարույթի տվյալների, անցնում են ծանր բռնությամբ ուղեկցված միջադեպով և որ այս իրավիճակը հանգեցրել է հանրային վստահության լուրջ ու տեսանելի վտանգի։
Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք ազատվեն զբաղեցրած պաշտոններից, մինչև ավարտվի ամբողջ քննությունը և վերականգնվի հանրային վստահությունը նրանց ղեկավարած ու ներկայացրած համակարգերի նկատմամբ։ Սա պատիժ չէ՝ սա հասարակության բարոյական անվտանգության նվազագույն պահանջն է։ Մեր երեխաները պետք է մեծանան երկրում, որտեղ բոլորի հանդեպ գործում է իրավահավասարություն, անպատժելիությունը բացառվում է, իսկ արդարությունը պաշտպանված է օրենքով և բարոյական անառարկելի սկզբունքներով։
NewsMedia.am-ը եւս միանում է ստորագրահավաքին:
